Հայաստան 

Իրան այցելել ցանկացող հայերը կարող են մուտքի վիզա ստանալ հենց սահմանին

analitik.am

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց կաթողիկոսին ու հայ ժողովրդին Ամանորի տոների առիթով: Դեսպանությունից տրամադրված շնորհավորական ուղերձում նշվում է.


«ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սերժ Սարգսյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս, Հայաստանի ազնիվ ժողովուրդ,  որպես ԻԻՀ դեսպան՝ Հայաստանի հարևան և բարեկամ երկրի և մի ժողովրդի ներկայացուցիչ, որը դարերի ընթացքում հայ ժողովրդի հետ ունեցել է երկկողմանի ու դրական հարաբերություններ, ցանկանում եմ Իրանի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ Նոր Տարվա և Հիսուս Քրիստոսի երջանկաբեր Սուրբ Ծննդյան կապակցությամբ:


Իրանցիների և հայերի պատմամշակութային ու հոգևոր ընդհանրությունները և վաղեմի խաղաղ համակեցությունը աշխարհին և տարածաշրջանին ավետում են երկու ժողովուրդների խաղաղասեր և խաղաղատենչ նպատակները:


Ուրախ եմ երկու ժողովուրդների և կառավարությունների բարիդրացիական և խորը հարաբերությունների համար և համոզված եմ, որ երկու երկրներն էլ ունեն ուժեղ կամք երկկողմ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ մշակվեցին լավ ծրագրեր: Առիթից օգտվելով ցանկանում եմ հայտնել, որ Իրան-Հայաստան սահմանում բացվել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչություն: Այս ներկայացուցչությունը կգործի հաջորդ տարվա սկզբից և Իրան այցելել ցանկացող հայերին կտրամադրի մուտքի արտոնագրեր:


Կրկին շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը, հատկապես մեր հայ հայրենակիցներին Նոր Տարվա և խաղաղության ու բարեկամության մարգարե Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան կապակցությամբ և ցանկանում երջանկություն և բարօրություն»:   

Նույն շարքից