Հայաստան 

Բակո Սահակյանը պարգևատրել է 2014-ին տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած անձանց

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազնիվ ու քրտնաջան աշխատանքից է նաեւ մեծապես կախված Արցախի ապագան` հավելելով, որ երկարամյա, հայրենանվեր աշխատանքը միշտ գնահատվել է մեր ժողովրդի կողմից, վայելել հասարակության սերն ու հարգանքը:


Անդրադառնալով արցախցի մարզիկների հաջողություններին՝ Բակո Սահակյանը նշել է, որ իրենց հաղթանակներով նրանք ուրախության ու պարծանքի պահեր են պարգեւել ողջ հայությանը: Նախագահի բնութագրմամբ՝ սպորտի ոլորտում ավանդական դարձած Արցախի հաջողություններն արդյունք են ինչպես մարզիկների եւ նրանց մարզիչների մեծ ջանքերի, այնպես էլ այն ծավալուն աշխատանքի, որը պետության կողմից իրականացվում է սպորտի բնագավառում տարիներ շարունակ:


Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով, մաղթել Նոր տարում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:


Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից