Հայաստան 

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

analitik.am

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատե՛ր հայրենակիցներ


      «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 301 մասնաճյուղերի ղեկավարների և անձամբ իմ ու իմ ընտանիքի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով Ձեր սրբալույս օջախներին լույս ու ջերմություն,  Ձեր սպասելիքներին արարչական օրհնանք ու շնորհ, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:

     Առանձնահատուկ շնորհավորում եմ աստվածային բարձրավանդակի՝ հայոց հայրենիքի սահմանները անառիկ ու անտրտունջ պաշտպանող, հայոց քաջասիրտ զինվորականներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով այնչափ հայրենասիրություն, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:


     Մենք՝ հայրենատիրության ճանապարհով անցնող հայ ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է՝ հայրենիք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի համար:


      Արժանի լինենք աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների ընթացքում հայի անկոտրում սեփական ուժին և հայոց ազգային բանակի արիատենչ զինվորականների  անպարտելիության ոգու հարստությանն ու հայրենիքն ափի մեջ պահելու նրանց կերտած բազում հաղթանակներին:


       Արժանի լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:


      2015 թվականը մեր ազգային սթափության փորձաշրջանն է նաև: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը պետք է դիմավորենք ոչ թե հուսահատությամբ կամ սերունդների ոգին տկարության մատնելով, այլ արցախյան հերոսամարտի մեր ռազմական հաղթանակներով, նրա ոգեղեն փառքով,  ասել է թե՝ հայոց պետականաշինության գործում ձեռք բերած բազում հաղթանակներով:


     «Հայոց Արծիվները»  միշտ Ձեզ հետ են և մեր նվիրական հայրենիքի տրոփող զարկերակին  համահունչ:


     Մենք հավատում ենք մեր երկրի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի նորանոր հերոսական ձեռքբերումներին:


      Մենք վստահում ենք  քեզ՝ բարոյատեր ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց երկրի անպարտելի ուժը:


      Միշտ գիտակցենք, որ միայն մեր ընտանիքների կուռ միասնությունն ու համերաշխությունն են բոլոր ձեռքբերումների հիմքն ու երաշխավորը:


        Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, իսկ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:


     Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ոգետե՛ր հայրենակիցներ:

 

Հարգանքով՝              

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից