Հայաստան 

2014 թվականը վտանգներով ու հնարավորություններով լեցուն տարի էր. Արա Հարությունյան

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը Նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը և նորի սպասումը: Արդ, անցնող տարին թող իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015 թվականին:

2014 թվականը վայրիվերումների տարի էր մեր հայրենիքի համար՝ վտանգներով ու հնարավորություններով լեցուն: Սակայն, անկախ հակառակորդի ոտնձգություններից, հայոց աշխարհում շարունակում է թևածել խաղաղությունը՝ շնորհիվ մեր զինվորի ամրության: Մեկ այլ ձեռքբերում է Արցախում գրանցված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը, որն անխուսափելիորեն ազդեցություն ունի ԼՂՀ քաղաքացիների կենսամակարդակի որակի բարձրացման վրա:

2015 թվականին ևս նախատեսում ենք պահպանել տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով բնակչության բարեկեցությունը: Տարեցտարի զարգացնելով Արցախի տնտեսությունը՝ մենք կերաշխավորենք ցանկալի ապագայի գոյությունը՝ հենված զարգացման և անվտանգության վրա: Այդ ճանապարհին յուրաքանչյուր հայ իր նշանակալի դերակատարումը կարող է ունենալ Արցախի շենացման գործում:

Սիրելի՛ բարեկամներ,

ընդունեք  ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ տարեմուտի և Սուրբ ծննդի առթիվ: Ձեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը թո՛ղ անպակաս լինեն»:

Նույն շարքից