Հայաստան 

2015 -ին որոշ հրամանատարների, պետերի զինվորամոլությանը վերջ կդրվի

analitik.am

Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երեւանի եւ Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ:


Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ-երի համար եղել է հաջողությունների եւ որակական առաջընթացի տարի:  Ըստ Սեյրան Օհանյանի` հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ ամուր հիմքերի վրա  դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ-երում արտակարգ պատահարների 6%,  հանցածին երեւույթների հետեւաքնով առաջացող միջադեպերի 8% եւ մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը: Ինչպես ընդգծեց նախարարը` ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ եւ կրկնապատկված եռանդով առաջ շարժվել:


Առաջընթաց կա նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման առումով եւ 2015թ.-ի գերակա խնդիրը եւս պետք է լինի մարտական հերթապահության եւ մարտական խնդիրների կատարման արդյունքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը արտաքին ագրեսիայից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես, որ դրա նախադրյալները կան: Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է:


«ԶՈՒ-երի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց՚» կարգախոսի ներքո եւ տարին հայտարարելով «Մարտական կարողությունների զարգացման տարի» 2015թ. հիմնական անելիքը լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 21-րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծումը`  ԶՈՒ-երի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հիմք դարձնելով կրտսեր հրամանատարական կազմի ինքնուրույնության եւ նախաձեռնողականության խթանումը:


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ որոշ հրամանատարների, պետերի զինվորամոլությանը վերջ դնելու նպատակով` 2015 թվականին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդակներում ներդրվելու է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգը` ուղղված  ենթակաների նախաձեռնողականության մակարդակի բարձրացմանը, նրանց ազատությանը` որոշումներ ընդունելու հարցում, իսկ նոր հայեցակարգի վերջնանպատակը մեկն է` հակառակորդից մշտապես մեկ քայլ առաջ գտնվել:


Խորհրդակցությունը եզրափակվել է պարգեւատրման արարողությամբ: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար, ինչպես նաեւ փոխգործակցության ամրապնդման եւ բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, նվերներով: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ մարզպետներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց հուշանվեր դաշույններ:

Նույն շարքից