Հայաստան 

«Ես չեռնոժոպի Խաչիկ չեմ». դեպի նախագահական սգո երթն ավարտվեց

analitik.am

Երթի մասնակիցները նախագահական նստավայրի մոտ վանկարկեցին «ամոթ, ամոթ», նրանք իրենց հետ տարել են Ավետիսյանների զոհված երկամյա դստեր լուսանկարը եւ «Ես չեռնոժոպի Խաչիկ չեմ» գրությամբ պաստառ:


«Հայաստանի Հանրապետությունը երկրորդ սորտի պետություն չէ, եթե հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ-ում, մեկ այլ պետություն իրավունք չունի հանցագործին միջազգային պայմանագրի խախտմամբ մեր պետությունից ուղղակի փախցնել եւ հանցագործին պաշտպանել հայ իրավապահներից: Պետք է բացահայտվի, թե ինչպես է զինծառայողը զենքով դուրս գալիս եւ գնդակահարում խաղաղ բնակիչների: Այդ ամենին պետք է բացատրություններ տրվեն եւ ապագայում կանխվեն նման դեպքերը»,- նախագահական նստավայրի մոտ լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից Դանիել Իոանիսյանը:


Ակցիայի կազմակերպիչներն իրենց պահանջը նամակով ներկայացրին նաեւ նախագահական նստավայրի դիմումների եւ բողոքների բաժին, որի աշխատակիցները կազմակերպիչներին ասել էին, որ պահանջներին ծանոթանալուց հետո վաղն առավոտյան հեռախոսազանգի միջոցով պատասխան կտրվի դրանց վերաբերյալ:


Պահանջը ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը որոշեց հեռանալ Բաղրամյան 26-ից, իսկ մյուս մասը՝ 15 րոպե ժամանակ տալ, որպեսզի նախագահական նստավայրի որեւէ ներկայացուցիչ անձամբ մոտենա ակտիվիստներին եւ լսի նրանց պահանջները: 

15 րոպե սպասելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը որոշեցին անցնել նախագահական նստավայրի մայթ, սակայն արդեն իսկ կրկնապատկված ոստիկանական ուժերը նրանց թույլ չտվեցին:

Այդքանով ակցիան ավարտվեց նախագահական նստավայրի մոտ:

Նույն շարքից