Հայաստան 

Հայաստանում ՌԴ դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը

analitik.am

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը կոչ է արել չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը եւ վստահություն է հայտնել, որ քննությունն ամեն բան կբացահայտի եւ հանցագործը կկրի իր պատիժը:


«Դեսպանատան աշխատակիցները ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Այս սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է ամենախիստ պատժի արժանանան: Ներկայումս Հայաստանի եւ Ռուսաստանի կոմպետենտ մարմինները անհրաժեշտ քննչական ընթացակարգեր են իրականացնում, որոնց նպատակը օբյեկտիվ եւ բազմակողմանի հետաքննություն իրականացնելն է: Քննչական խմբերն իրենց ջանքերը համակարգում են ՀՀ տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի համապատասխան»,-ասել է դեսպանը՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:


«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց հույզերը, որովհետեւ գազանային հանցագործություն է կատարվել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ, իհարկե, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, իրենց հույզերը, բայց ես կարծում եմ, որ այս հարցը չպետք է քաղաքականացնել»,-ասել է Վոլինկինը:


«Հանցագործությունը ազգություն չունի, հատկապես այս դեպքում: Մենք չպետք է սրանից քաղաքական կրակ բորբոքենք: Ես կարծում եմ, որ քննությունը կբացահայտի այս գործի բոլոր մանրամասները եւ հանցագործը համարժեք պատիժ կստանա»,-ընդգծել է դեսպանը:

Նույն շարքից