Հայաստան 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը Գյումրիի սպանդի առնչությամբ բողոքի ակցիա անցկացրեց նախագահական նստավայրի դիմաց

analitik.am

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ պահանջելով իշխանություններից Գյումրիի սպանության գործով ներգրավված մեղադրյալին դատապարտել Հայաստանում, ու որպեսզի վերջինս իր պատիժը կրի հենց Հայաստանում:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի ակցիայի միջոցով փորձում են իշխանություններին հասկացնել, որ Հայաստանում մնացել են արժանապատիվ քաղաքացիներ: Նա հիշեցրեց Ռուսաստանում  ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դեպքը և նշեց, որ եթե օրենքն այդքան ճիշտ է կիրառվում, ապա ինչու նրան չհանձնեցին Հայաստանին:

Նշենք, որ այսօր ժամը 15-ին-ին բողոքի ակցիա տեղի կունենա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է «Դ!ԵՄ ԵՄ»-ը հավաքվել նախագահականի դիմաց, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ես Ռուսաստանի իշխանություններից պահանջելու ոչինչ չունեմ, որպես ՀՀ քաղաքացի իմ պահանջն ուղղված է մեր իշխանություններին: Հայաստանը պետք է Ռուսաստանի հպատակը չլինի»:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ասուլիսին, Դավիթ Մանուկյանն ասաց, որ դա իրենց ոչինչ չի ասում, քանի որ ՀՀ իշխանությունները սովորություն ունեն բոլոր տեսակի հարցերին միևնույն պատասխանը տալ:
 

Ներկայացվեց նաև «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախօրոք տարածած հայտարարությունը, ուր մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 12-ին ռուս ոճրագործը սպանել է 7 հոգուց բաղկացած անմեղ հայ ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխայի, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամն էլ՝ 6 ամսական փոքրիկ Սերյոժան, գտնվում է ծանր վիճակում:

Նման ոճրագործությունից հետո մեր երկրում հյուրի կարգավիճակում գտնվող ռուսական ռազմական ներկայացուցչությունն իրեն թույլ է տալիս այդ ճիվաղին անգամ չհանձնել հայ իրավապահ մարմիններին: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե նա դատապարտվելու է և իր պատիժը կրելու է ՌԴ-ում:

Պահանջենք, որ մեր իշխանությունները հերթական անգամ իրենց ստրկամտությամբ ու անգործությամբ չնսեմացնեն հայի արժանապատվությունը. ռուս ճիվաղը, հանդիսանալով ՌԴ քաղաքացի, այնուամենայնիվ, իր ոճրագործությունն իրականացրել է ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս՝ սպանելով հենց ՀՀ 6 քաղաքացիների, ուստի և իր արժանի պատիժը պիտի կրի ՀՀ տարածքում և ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխան:
Սա ոչ միայն արդարադատության, այլև ազգային արժանապատվության հարց է»։

Նույն շարքից