«Բոլորի ցավը հստակ է, հայ ժողովրդին հարված է հասցվել անակնկալ ու դաժան»,- այս մասին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը:
«Էստեղ բոլորս հայեր ենք, ցանկանում ենք, որ ճիվաղը դատվի Հայաստանում ու ՀՀ օրենքներով։ Որպեսզի նա դատվի Հայաստանում և ՀՀ օրենքներով և նստի Հայաստանում, մենք այստեղ հայերով իրար հետ չէ, որ պետք է լուծենք հարցը: Մեր պահանջը ՌԴ-ից է, ռուսաստանյան զորակայանից: Մենք նրանցից պահանջելու ենք, որ ոճրագործին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին»,-ասաց նա:
Սրբազանը նաև նշեց, որ այստեղ հավաքվածների երկու կողմերում էլ հայեր են, հետևաբար պահանջի օբյեկտը այդտեղ չէ:
«Մեր պահանջը քաղաքակիրթ ձևով համառությամբ և բոլոր հավասարակշիռ եղանակներով, ոչ թե քար ձու շպրտելով, պետք է ներկայացնել ՌԴ-ին է ու զորակայանին»,-ասաց նա, ինչին ի պատասխան հավաքվածներն ասացին, որ իրենց պահանջը ՀՀ իշխանություններից է:
Սրբազանը մտավ դատախազության շենք՝ խոսելու Գևորգ Կոստանյանի հետ: