Հայաստան 

Գյումրու քաղաքապետը զսպվածության կոչ արեց . տեսանյութ

analitik.am

Հանցագործը դավանանք, ազգություն չունի, այստեղ չպետք է ասենք՝ ռուս կամ հայ. պետք չէ այս հարցը ռուս-հայկական հարաբերությունների սեղանի վրա դնել։ Այս մասին մամուլի ասուլիսին այսօր ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին սպանդի համար մեղադրվող ռուս զինվորականին։ 

Նա կոչ արեց մեկ կամ երկու դեպքի պատճառով սեպ չխրել հայ–ռուսական հարաբերությունների մեջ։ 

«Այստեղ հանցագործություն է կատարվել, որը պետք  է պատժվի և մեր պահանջն է, որ մնա հանրապետությունում և այստեղ պատժվի»,-ասաց նա։

«Պետք  է խստորեն պատժվի, որ դաս լինի այն զինվորականների համար, որ բերվում են  Գյումրի»,-հավելեց քաղաքապետը և նշեց ռազմաբազայի ղեկավարությունը պետք է իր տեղում լինի, որ նման դեպքեր չլինեն։ 

Նրա համար ևս հարցեր են առաջացել, թե ինչպես զինվորը կարող էր ալկոհոլ օգտագործել և ավտոմատով դուրս գալ, և կարծում է, որ ռազմաբազայի անձնակազմը ունի իր  մեղավորությունը։ 

«Ես՝ որպես Գյումրու քաղաքապետ, պատասխանատու եմ իմ քաղաքացիների համար,  շատ եմ սիրում իմ քաղաքը և իրականում ծառայում եմ քաղաքին, որ ինչ-որ փոփոխություններ լինի բարոյահոգեբանական մթնոլորտում»,–ասաց նա։ 

Նա կոչ արեց գյումրեցիներին ցուցաբերել զսպվածություն, հանդարտություն և ամեն ինչ իրականացնել օրենքի սահմաններում, ոչ թե վարվել այնպես, ինչպես երեկ, երբ բախումներ տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանների միջև։ 

Ըստ նրա՝ ինչ-որ սադրիչներ կային, որ ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ բախում տեղի ունեցավ։ Քաղաքապետի կարծիքով՝ Գյումրու սպանդին հաջորդած երկու օրվա քաղաքացիների հավաքը ինքնաբուխ էր զգացմունքային, էմոցիոնալ, սակայն երրորդ օրվա հավաքը պայմանավորվածության արդյունք էր։  

Նա նշեց, որ ամեն ինչ արել է՝ ժամը հինգի հավաքին հասցնելու համար, սակայն չի ստացվել։ Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ իր այցը կիսատ էր թողել և վերադարձել։

 

Նույն շարքից