Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի բնակիչներին զսպվածության կոչ է անում: Նա ընդհատել է այցն ԱՄՆ ու վերադարձել, քանի որ իրեն պատասխանատու է համարում քաղաքի բնակիչների համար: «Այո, ես գտնում եմ, որ բարձրացրած հարցը, ըստ որի` հանցագործին պետք է հանձնել հայկական կողմին, ճիշտ է, բայց պետք չէ սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ»,- հունվարի 16-ին հրավիրված ասուլիսում ասաց Բալասանյանը:
Քաղաքապետը մերժեց պատասխանել իրավական հիմքի վրա տրվող հարցերին, իսկ թե ինչու Գյումրին, որպես քաղաք, սգո օր չհայտարարեց, նա նշեց, որ քաղաքապետը եւ ավագանին իրավասություն չունեն նման որոշում կայացնելու: Հարցին` եթե կրկին ակցիա լինի, կմիանա՞ մասնակիցներին, պատասխանեց, որ կլինի գյումրեցիների հետ, բայց դեպքն արտառոց էր, հավաքներն` ինքնաբուխ, պետք է բացառել նման միջադեպերի (հունվարի 15-ի լարվածությունը ՌԴ հյուպատոսության շենքի առջեւ-խմբ.) կրկնությունը:
Ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայելու որոշումը վերանայելու հարցին ի պատասխան նա ասաց, որ հանցագործն ազգություն չունի, «պետք չէ ռուս-հայկական հարաբերությունները դնել սեղանի վրա»:
Բալասանյանը պատմեց, որ չնայած այցի ժամանակ պետք է Գյումրին եւ Գլենդելը դառնային քույր քաղաքներ, նախատեսված են եղել հանդիպումներ տարբեր մարդկանց, այդ թվում` ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հետ, բայց իմանալով կատարվածի մասին` ընդհատել է հանդիպումներն ու վերադարձել: Ընդ որում` այցը կատարել է արձակուրդի ընթացքում, որպեսզի համայնքային բյուջեից գումարների դուրսգրում չլինի:
Ինչ վերաբերում է սպանված ընտանիքի փոքրիկին` Սերյոժա Ավետիսյանին, ով Երեւանի «Սբ Աստվածամայր» հիվանդանոցում է, քաղաքապետը նշեց, որ կշարունակեն լինել փոքրիկի կողքին, կբացվի հաշվեհամար նրա անունով, որին փոխանցումներ կարվեն ոչ միայն համայնքային բյուջեից, այլև Բալասանյանների հիմնադրամի կողմից: