Հայաստան 

Հանրային խորհրդի անդամները դատապարտել են Գյումրիում կատարված ոճրագործությունը

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդում հունվարի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ: Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցած անմարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող, արդար և թափանցիկ իրավական գործընթաց:



Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների և ընդհանրապես, գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս և ստեղծում անվստահության մթնոլորտ:


Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությունը պետք է լինի հանդարտ ու սթափ և կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը:


ՀԽ անդամները քննարկել են նաև այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու և ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Նույն շարքից