Հայաստան 

Շիրակի մարզպետը՝ Գյումրիում ոստիկանների գործողությունների մասին

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հունվարի 15-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների գործողությունները համարժեք էին ու շատ մեղմ, ինչի արդյունքում վիրավորվածների մեծ մասը եղել են ոստիկաններ, որոնց թիվն, ի դեպ, այսօր արդեն ավելացել է՝ հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով տարբեր վնասվածքներ են ստացել 33-ը:


«Հայտարարված 28 թիվն այսօր արդեն 33 է դարձել: Նրանցից 10 քաղաքացիական անձինք են, մյուսները` ոստիկաններ: Այս թիվը փոփոխվեց, քանի որ ոստիկանների մի մասն ավելի թեթեւ վնասվածք էր ստացել եւ ժամանակին չէր դիմել բժշկական օգնության»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:


Խոսելով ստեղծված իրավիճակի եւ գյումրեցիների մեղավորին արդար դատավճռի եւ հայկական կողմի իրավապահներին հանձնելու պահանջի մասին` մարզպետը նշեց, որ ինքը պահանջին կողմ է, բայց դեմ է պահանջն այդպես արտահայտելուն:


«Կողմ լինելով խաղաղ ցույցին եւ պահանջներից շատերին, որ ցուցարարները դնում են, ես դեմ եմ բոլոր տեսակի ծայրահեղություններին: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա երկու երկրների միջև»,– ասաց նա:


«Լրատվամիջոցների որոշ մասն էլ փորձ արեց առաջ ընկնել եւ մեղավորներ փնտրել: Սա նույնպես տհաճ էր, եւ դրա ժամանակը չէր՝ մեղավոր ենք բոլորս, ոչ անհատ մարդիկ՝ ամեն մեկն իր չափով ու արածով»,- նշեց մարզպետը։


Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ ռուսական կայազորի եւ սահմանապահ ջոկատի հետ կապն եղել է ու կա եւ օպերատիվ կերպով ողջ ինֆորմացիան փոխանցվել եւ բոլոր պահանջների մասին եւս տեղեկացվել է հանրապետության ղեկավարությանը:


«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը եւ ինչ հետեւանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում ու վախեցնում, այլ օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքերի օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,-նշեց մարզպետը` տեղեկացնելով, որ այս ընթացքում ռուսական ռազմաբազային եղել են զգոնության զգուշացումներ:


«Մենք աշխատում ենք ռազմաբազայի, ՌԴ հյուպատոսարանի հետ եւ մեր բնակչության հետ: Ես հույսս դնում եմ գյումրեցիների սառը դատողության, խելամտության վրա: Այո՛, ես կողմ եմ գյումրեցիների պահանջին եւ միանում եմ դրան՝ մենք դատավարությունն անենք, արդար դատավճիռ, բայց դա պետք է արվի խելամտորեն: Այսօր դեպքի առթիվ շատ վարկածներ են շրջանառվում, սակայն ճշմարտությունը կբացահայտի քննությունը: Ինչքան Գյումրիից հեռու են վարկածները ներկայացնողները, այնքան ավելի «ֆանտաստիկ» են դրանք: Ես հանցագործությունն ավելի պարզ եմ տեսնում: Շատ ցավոտ բան է տեղի ունեցել, բայց պետք չէ, որ թույլ տանք, որ ինչ-որ մեկը այս դեպքի շնորհիվ դիվիդենտ շահի»,- ավելացրեց մարզպետը:

 

Նույն շարքից