Հայաստան 

Դատավարությունը պետք է հրապարակային լինի, քանի որ գործում քաղաքացիների համար շատ մութ կետեր կան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ռուսական կողմը քայլեր չէր ձեռնարկի, եթե չլիներ քաղաքացիների բարձրացրած բողոքը: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը, որը ներկա էր Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը: 

«Այն քայլերը, որ ռուսական կողմը ձեռնարկեց վերջին օրերին, չէր ձեռնարկի, եթե չլիներ գյումրեցիների բողոքը: ժողովուրդը պետք է շարունակի պահանջատիրությունը, շարունակի  համառ լինիել իր պահանջի մեջ, եւ հանցագործը լինի հայկական իրավասության ներքո»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

Արմեն Մարտիրոսյանը միանում է Վալերի Պերմյակովին ՀՀ օրենքներով եւ Հայաստանում դատելու՝ գյումրեցիների պահանջին: Նրա խոսքով՝ դատավարությունը պետք է  հրապարակային  լինի, քանի որ գործում քաղաքացիների համար շատ մութ կետեր կան:

«Այս պարագայում նախատեսված է, որ ռուսական կողմը պետք է քննի, հայկական կողմը մասնակցություն ունենա: Մինչդեռ հակառակը պետք է լիներ եւ բազայի վերաբերյալ միջազգային պայմանագրի, եւ ՀՀ Սահմանադրության, եւ սահմանապահ զորքերի այստեղ գտնվելու պայմանագրին համաձայն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Նույն շարքից