Հայաստան 

Հայաստանի կառավարությունը նոր գործիքով կխթանի արտահանումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խրախուսում է արտահանումը մեր երկրից: Նախագծով նախատեսվում է ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի (բացառությամբ հանքարդյունահանող և (կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների) համար շահու­թա­հարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճա­րողը կունենա ՀՀ կառավարության հավանությանն արժանա­ցած արտա­հանման ծրագիր և  հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտա­հա­նում» մաքսային ընթացակարգով կարտահանի առնվազն 50 մլրդ դրամի մաք­սա­յին արժե­­քով ապրանքներ:


Բացի այդ, հարկ վճարողը պետք է հաշվետու տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործու­նեությու­նից մուտ­քագրի առնվազն 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ և  հաշվետու տարվա ընթացքում չունենա ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատու­ցումից ստացման ենթակա եկամուտներ:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որով փորձ է արվում  խթանել արտահանումը: «Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում կկարողանան 50 մլրդ դրամի ապրանք արտահանել մեր երկրից, ապա դա կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, դեպի պետբյուջե եկամտհարկի և այլ լրացուցիչ եկամուտների մուտքին: Պետք է փորձենք բոլորս խոսել այս օրենքի նախագծի մասին, որպեսզի մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում, տեղյակ լինեն»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ օրենքը չի առնչվում հանքարդյունաբերության ոլորտին:

 

Գործադիրն օրենքի նախագիծը ճանաչեց հրատապ և ուղարկեց Ազգային ժողով:

Նույն շարքից