Հայաստան 

Գյումրիի դեպքը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարթություն տանելն արդարացված չէ. Շարմազանով

Բոլոր այն գործիչները, ովքեր փորձում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը կապել հայ-ռուսական միջպետական, դաշնակցային հարաբերությունների հետ, մոլորության մեջ են:

 

 Ազգային ժողովում Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը: «Ես գտնում եմ, որ այս հարցը տանել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարթություն արդարացված չէ և չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի շահերից: Ես համոզված եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ոճրագործությունները  միասնաբար հաղթահարենք: Աստված մարդուն տալիս է այնքան ուժ, որքան նա կարող է ցավը տանել»,-նշեց Շարմազանովը:

 

Շարմազանովն ընդգծեց, որ տեղի ունեցածը եղեռնագործություն է և յուրաքանչյուր բանական մարդու համար մեծ ցավ է: «Փաստ է նաև այն, որ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս իմաստով ես հասկանում եմ գյումրեցիների վրդովմունքը և արդարացի բողոքը: Սակայն եթե հուզական և բարոյական հարթությունից տեղափոխվենք իրավական հարթություն, այստեղ արդեն Ազգային ժողովի փոխնախագահն անելիք չունի: Դուք պետք է գիտակցեք, որ ամեն հարց չէ, որ պետք է ինձ տաք: Ես ամենագետ չեմ: Ես կարող եմ ասել, որ  խնդիրը պետք է լուծվի միայն իրավական հարթությունում, միջպետական պայմանագրերի հիման վրա»,- մանրամասնեց  ԱԺ փոխնախագահը:

 

Նա նաև  ընդգծեց, որ երեկ ինքը եղել է Գյումրիում և հիացած է գյումրեցիների տոկունությամբ ու սառը դատողությամբ:

Նույն շարքից