Հայաստան 

Գևորգ Կոստանյանն այլ ելք չուներ, քան իշխանության փաստաբանի դերի ստանձնումը. Լևոն Մութաֆյան

Գյումրիում Ավետիսյանների սպանդից հետո երկու ազգանուն է շրջանառվում Հայաստանում՝ Պերմյակով և Կոստանյան: Եթե առաջինը եղենգարոծության մեղադրվող անձն է, ապա երկրորդը ՀՀ գլխավոր դատախազն է, մի մարդ, որը հայտնվեց իրադարձությունների կենտրոնում և իր վրա վերցրեց բոլոր հարվածները՝ այսպես նաև պաշտպանելով Սերժ Սարգսյանին, Գորիկ Հակոբյանին և Վլադիմիր Գասպարյանին: Գևորգ Կոստանյանն այն մարդն է, որը, բնականաբար, պիտի պատասխանատու լիներ Պերմյակովի հետ առնչվող բոլոր հարցերում և Հայաստան-Ռուսաստան իրավական «մենամարտում», որն, ի սկզբանե տանուլ տվեց ՀՀ Գլխավոր դատախազությունը: Հասկանալի է նաև, որ Պերմյակովի հարցում մի շարք որոշումներ դուրս են եկել իրավական հարթությունից և տեղափոխվել քաղաքական որոշումների դաշտ: Հետևաբար, երկրի գլխավոր դատախազը հայտնվեց քաղաքական պայմանավորվածությունների և թելադրանքների ծիրի մեջ՝ գուցեև ինքն էլ չհասկանալով, որ ստանձնում է զոհի կարգավիճակը, քանզի հետայսու բոլոր մեղադրանքներն ու պահանջները պիտի իրեն ուղղվեն՝ փրկելու համար իշխանություններին և հատկապես Սերժ Սարգսյանին: Գևորգ Կոստանյանն այլ ելք չուներ, քան իշխանության փաստաբանի դերի ստանձնումը: Նախ, դա պարտավոր էր անել իր զբաղեցրած պաշտոնով և գործառույթներով, երկրորդ՝ Կոստանյանը վաղուց դարձել է իշխանության հանձնակատարը, նրա միջոցով են պարտակվել ինչպես բանակում, այնպես էլ հանրության շրջանում արձանագրված մի քանի սկանդալային հանցագործություն: Բնականաբար, Կոստանյանին նույնպես թույլ են տվել «տաքացնել իր ձեռքերը», որպեսզի մարդն ատելությամբ չլցվի իր «գործատուների» նկատմամբ: Ինչպես ենթադրում էինք, խորհրդարանական լսումները լինելու էին ձևական, անիմաստ, որովհետև Կոստանյանը չէր կարող մի օրում կերպարանափոխվել և ներկայացնել գոնե իրեն հայտնի ճշմարտությունը՝ այսպիսով «պաստավկա» անելով Սերժ Սարգսյանին: Նա պիտի դառնար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «թատերական ներկայացման» գլխավոր դերակատարը՝ այժմ էլ օրենսդիր մարմնի ամբիոնից կրկնելով այն ամենը, ինչը հայտարարել էր Գյումրիում: Իհարկե, այնուհանդերձ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կորզել Գևորգ Կոստանյանի գնահատականն առ այն, որ Պերմյակովին բռնելու և ռուսական կողմին հանձնելու հարցում եղել են համաձայնագրային խախտումներ: Բայց հիմա արդեն գլխավոր դատախազի հաստատումը նման էր ճաշից հետո մատուցվող մանանեխին: Ի դեպ, Գևորգ Կոստանյանը չկարողացավ «յոլա գնալ» հերթական հակատրամաբանական և ինքնաժխտող հայտարարություններով, երբ, ի պատասխան այն հարցին, թե, այնուամենայնիվ, դիմելու՞ է ՌԴ գլխավոր դատախազին, ասաց, որ բավարար հիմքեր ունենալու դեպքում՝ կդիմի: Այսինքն, նա հավանաբար «մոռացավ», որ արդեն հաստատել է բավարար հիմքերը՝ համաձայնագրային պայմանավորվածությունները: ԱԺ լսումները մեկ անգամ ևս տարուբերեցին Գևորգ Կոստանյանի հեղինակությունը, մեկ անգամ ևս հաստատեցին, որ գլխավոր դատախազը չափազանց կաշկանդված է, հետևաբար դիմում է իր համար արդեն գործելաձև դարձած բառախաղերի «տարուբերումներին»: Մնում է հարցնել, ո՞վ էր շահագռգռված, որպեսզի «փչանար» Գևորգ Կոստանյանը, իրավական հակասական բացատրություններով կանգներ հանրության առջև:

Նույն շարքից