Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն այսօր ժամանել են Գյումրի, որտեղ հարգանքի տուրք են մատուցել հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հիշատակին։
Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ՀՀ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը:
Երեւանից ռուս գործընկերներին Գյումրի էին ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետդումայի պատգամավորներն ուղեւորվել են «Շիրակ» գերեզմանատուն` հարգելու հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հիշատակը:
Ռուս պատգամավորների խմբում ընդգրկված են «Եդինայա Ռոսիա»-ից խորհրդարանական, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ-ի գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը եւ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: