Հայաստան 

ՀՀԿ-ն ԵԺԿ-ում սատարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ժառանգության» նախագծին

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ԵԺԿ-ում սատարել է «Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:


«Երեկ և այսօր Բրյուսելում տեղի ունեցավ ԵԺԿ Քաղաքական Համաժողովի նիստը, որին ՀՀԿ-ի կողմից մասնակցում էի ես և Կարեն Ավագյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Արևելյան գործընկերության ներկայիս ընթացքը:


«Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև: Նմանատիպ բանաձև շրջանառվեց նաև Կիպրոսի կուսակցություններից մեկի կողմից:  ՀՀԿ-ն նմանատիպ բանաձև ներկայացնում է ԵԺԿ Քաղաքական Համաժողովի մարտի նիստին: Մենք սատարեցինք «Ժառանգության»  բանաձևին: Այդ հարցում հայկական պատվիրակությունները գործում էին համախմբված: 


Համաժողովը որոշեց Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստաթղթի քննարկումը իրականացնել մարտ ամսին, մինչ այդ ԵԺԿ անդամ երեք հայկական կուսակցությունները կմշակեն միասնական բանաձև, որը կդրվի քննարկման: 


Այսօրվա քննարկումները ցույց տվեցին, որ ԵԺԿ Քաղաքական Համաժողովի կողմից մարտին նման բանաձի ընդունումը խիստ իրատեսական է»:

Նույն շարքից