Հայաստան 

Ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց

analitik.am

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն այսօր իր բողոքի ձայնը բարձրացրեց վերջին մեկ ամիսների ընթացքում սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված, ինչի արդյունքում հունվարի սկզբից մինչ օրս հայկական կողմը 14 զոհ է ունեցել: Երիտասարդները դրոշներով ու «Մի՛ աղերսիր, այլ պահանջի՛ր…» պաստառով իրենց ակցիան սկսեցին Կառավարության շենքի մոտից:

Այնուհետև նրանք անցան «Հանրապետության» հրապարակով և կանգ առան ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ, որտեղ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ Ռոման Ծատինյանը հնչեցրեց իրենց պահանջը. «Պարո՛ն նախարար, 2015թ-ի սկիզբից ի վեր Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Տավուշի մարզի և ԼՂՀ սահմանի երկայնքով: Այս ընթացքում Արտաքին գործերի նախարարությունը որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել: Մենք այդպես էլ ականատես չեղանք, որ ԱԳՆ հրավիրվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներին կամ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱՄՆ դեսպաններին՝ քննարկելու լարված իրավիճակը: Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ է, իսկ ԱԳՆ-ն աչքի է ընկնում իներտ, տեղ-տեղ չափից ավելի զգուշավոր գործողություններով: Պատերազմում գործում է ոչ միայն խոսքը, այլ նաև դիվանագիտությունը: Այս պարագայում մենք կարծես վերջինից զրկված ենք»:

Միության անդամները կոչ արեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին անցնել ակտիվ գործողությունների միջազգային հանրության շրջանում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները կասեցնելու համար:

«Դա ձեր անմիջական պարտականությունն է»,-ասաց Ռոման Ծատինյանը և նախարարության ներկայացուցչին նամակ հանձնեց:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ևս կոչերով հանդես եկան և նամակ հանձնեցին:

Նույն շարքից