Հայաստան 

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարարին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

 

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլև ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին:

 

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարևորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում:

 

Տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկ-ի և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը:

 

Ազգային ժողովի նախագահը կարևորել է նաև Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար:

 

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը:

 

Անդրադառնալով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

 

Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

 

Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաև ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:

 

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

 

Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը և խորացումը:

 

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում:

 

Նա նշել է նաև, որ տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանի դիրքորոշումը չի փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով:

 

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015 թվականին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության խորացմանը:

Նույն շարքից