Հայաստան 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հանդիպել ՀՀ-ի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 27–ին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկը Կրակովում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 

Հանդիպումից հետո համանախագահները ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

 

«Մենք խիստ մտահոգված ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներով, որոնց հետևանքով զոհեր կան: Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի` հանուն Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման և առաջընթացի արձանագրման:

 

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարելու խաղաղ կարգավորման գործընթացում ստանձնած իր պարտավորությունները: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնելու` կրճատելու լարվածությունը: Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն հրադադարի պայմանների նկատմամբ: Բռնությունը վտանգում է խաղաղության հասնելու ջանքերը»:

 

Այնուհետև նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկվել է խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

«Մենք նախարարին հիշեցրեցինք մեր մանդատի մասին և մտահոգություն հայտնեցինք ԵԱՀԿ համանախագահների, դիտորդների նրանց գործունեության և բանակցային գործընթացի վերաբերյալ արտահայտված քննադատության վերաբերյալ:

 

Ընգծեցինք շփման գծում ոչ ցանկալի միջադեպերից խուսափելու համար միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Մենք նաև քննարկել ենք ավելի վաղ նախագահների կողմից Կարմիր խաչի միջազգային կառույցի միջնորդությամբ գերիների և անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության իրականացման հնարավորությունը»:

 

Այնուհետև վերջում հավելվում է, որ համանախագհները պատրաստվում են հանդիպել ՀՀ-ի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մոտ ապագայում, հաջորդիվ այցելել տարածաշրջան:

Նույն շարքից