Հայաստան 

Ադրբեջանցիներ են, էլի. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր  Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուր պանթեոնում էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կենսագրության կեսը թողել է բանակում:

«Բանակն իմ ընտանիքն է: Ես իմ ամբողջ կենսագրության կեսը թողել եմ բանակում»,-հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը՝ շնորհավորելով բոլորին  Հայկական բանակի օրվա կապակցությամբ:

Ըստ Վլադիմիր Գասպարյանի՝ Ոստիկանությունը այսօր ունի ուժեղ բանակ, իսկ բանակն էլ՝ ուժեղ ոստիկանություն:

Խոսելով սահմանային միջադեպերի մասին՝ Վլադիմիր Գասպարյանը ասաց.  «Ադրբեջանցիներ են, էլի՛»:

 

Անդրադառնալով Ավետիսյանների սպանության դեպքերին՝ ոստիկանապետը նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեն բազում վարկածներ ունի:

«Էդ մեկ-երկուսը ձեր մտքով է անցնում, էնտեղ էնքան վարկածներ են քննարկվում, քննությունն իրենից հենց դա է ենթադրում: Որ տասնյակ վարկածներ են առաջ գալիս, և շատ ժամանակ լինում են վարկածներ, որ աներևակայելի են թվում մարդկային տրամաբանությանը: Նույնիսկ նման վարկածներ են քննարկվում»,- հավատացրեց ՀՀ ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ տվեց այս գործընթացի ժամանակ չխոսել ենթադրություններով,  մասնավորապես, որ ռազմաբազայից  6 զինվոր է փախել,  քանի որ դրանով ակամա շատ բաներ խառնվում են:

«Դա նույն պատմությունն է, ինչ սկզբնական ժամանակահատվածում, երբ մենք զբաղված էինք որոնողական աշխատանքներով և հարյուրավոր զանգեր և ենթադրություններ էին լինում, որոնք բացարձակապես ոչնչի հետ կապված չէին»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Նա նաև նշեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը 15 րոպեն մեկ չպետք է հաշվետու լինի հանրությանը: Առաջարկեց սպասել ժամանակ առ ժամանակ «թույլատրելի պահերով» իրազեկումներին:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ Պերմյակովին բռնելուց հետո պետք է ռուս սահմանապահները հանձնեին իրավապահներին: Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ այդ ամեն ինչը պետք է արվի ապացուցողական բազայի հիման վրա:

«Շատ ճիշտ է արվում, որ Գյումրիի ցուցարարերին կանչում են ոստիկանություն»,-ասաց նա, ապա հավելեց, որ դա արվում է այդ «ջարդերի» կազմակերպիչներին ի հայտ բերելու համար, որոնք, ըստ նրա, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Նույն շարքից