Հայաստան 

Ինչքա՞ն կարելի է ծաղրուծանակի ենթարկել ժողովրդին. ՓՄՁ ներկայացուցիչներ

«Առանց այն էլ այսօր երկրի տնտեսական վիճակը շատ ծանր է, այդ օրենքի կիրառումից հետո էլ ավելի է ծանրանալու: Խոշորին հայտնաբերելու փոխարեն մեր հետևից են ընկել: Ի՞նչ են ուզում , էս մի կտոր հացն էլ ա՞ աչքներին շատ երևում: Այդ օրենքը մեզ հասցնելու է նրան, որ ընկնելու ենք ավելորդ զրկանքների տակ, առանց էն էլ զրկված ենք ամեն ինչից: Մարդիկ, ովքեր տուրք են տալիս, դուրս են գալու աշխատավայրերից և դառնալու ենք փողոցում օրական 1000-2000 դրամ աշխատողներ: Երևի չեն հասկանում, որ երկիրը մանր ու միջին բիզնեսով է զարգանում: Թո՛ղ թեթևացնեն մեր հանդեպ պահանջները, որպեսզի կարողանանք աշխատել: Այս պարագայում, փաստացի, շերտավորում է լինելու՝ մանրը դուրս մղվեց, միջինն է խոշորանալու»,-analitik,am-ի հետ զրույցում ասում էին բողոքի երթ անող ՓՄՁ ներկայացուցիչները, որոնք «կա-սեց-նե՛լ» վանկարկելով շարժվում էին դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Ոսկու շուկայի աշխատակիցներին, օրինակ, անտրամաբանական է թվում փաստաթղթավորման գործընթացը. «Ես իմ մուծումները ժամանակին անում եմ, ինձ պետք չի, որ փաստաթղթավորում անեմ. Ինչի՞ համար, ի՞նչ նպատակ է հետապնդում դա: Թե էսպես կարողանում եմ ինչ որ բան հետ գցել, այն ժամանակ, հաց գնելու հնարավորություն էլ չեմ ունենալու», -ասում էր նրանցից մեկը:

 

«Երեք ամիս առաջ խոստացան, որ օրենքը կձգեն, կվերանայեն և կաշխատեն մեզ հետ: Այսինքն՝ նրանք այս ընթացքում պետք է գային շուկաներ և առևտրի տարբեր կետեր ստուգումներ անցկացնեին՝ ո՞ւմ հետ ենք փաստաթղթավորում անելու, օրենքի որոշակի կետերի փոփոխություն անեին և այլն…:Արդյունքում, այսօր ժողով արեցին, ասացին, որ օրենքը ընդունվելու է առանց մեր կամքը հաշվի առնելու: Մարդիկ էլ որոշեցին դուրս գալ և երկխոսության մեջ մտնել, հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում»,-շարունակում էին նրանք:

 

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է տիրում, մարդիկ վախենում են զրկվել օրվա հացից , սա բերելու է արտագաղթի…Ես երկու տղա զինծառայող ունեմ, և՛ նրանց եմ պահում, և՛ ընտանիքիս մյուս անդամներին: Տասը տարի աշխատել եմ, և լավ-վատ կարողացել եմ ինքս ինձ ապահովել: Այսօր խնդիրներ են ստեղծում, առանց այն էլ կյանքը դժվարացել է, և չենք կարողանում նույնիսկ մանր հարկեր վճարել… Մարդիկ բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, գումարներ են վերցրել, վարկ են վերցրել, տուն են գրավ դրել: Ինչքա՞ն կարելի է ծաղրուծանակի ենթարկել ժողովրդին»,-մեկը մյուսին լրացնելով բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները՝ նշելով, որ թեև տնօրենը դեմ է եղել այս երթի անցկացմանը, բայց իրենք եկել են և միշտ էլ գալու են:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից