Եռյակը դադարից հետո նիստ է անցկացրել այսօր, օրակարգում ունենալով 5 հարց. նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Օրակարգի հարցերից մեկը վերաբերվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ բողոքներին և որոշում է կայացվել, որ երկուշաբթի օրը՝ ժամը 18:00-ին, արտահերթ նիստ են հրավիրելու և պահանջեն օրենքում փոփոխություն կատարել: «Եռյակի կողմից լիազորված եմ հայտարարելու, որ կողմ ենք և աջակցում ենք քաղաքացիներին, որպեսզի օրենքը կասեցվի»,- ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերվում էր հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ նախատեսում ե ն փակ լսումներ անցկացնել: «Խնդիրն ավելին է, քան իրավական դաշում տեսնելը, մենք կողմ չենք, որ շահարկվի և նիստին ԱԳ նախարարը պետք է մասնակցի, ոստիկանապետը, գլխավոր դատախազը և ԱԱԾ ղեկավարը: Լսումները նախատեսում ենք փետրվարի 6-ին, դիմելու ենք երեք ուժերով ԱԺ նախագահին , ինքը նախաձեռնի այս լսումները: Կան հարցեր, որոնք պատասխաններն ակնկալում ենք»,- ասաց նա:
«Այս քառօրյայում որպես արտահերթ հարց պետք է քննարկվի կառավարական ճգնաժամի մասին երեք քաղաքական ուժերի ներկայացված հարցը»,- ներկայացրեց հաջորդ հարցը:
Չորրորդը՝ հաշվիչ հանձնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցն է: «Եռյակը ՕԵԿ-ի հետ հրաժարվել է հանձնաժողովի նիստերին մասնացել՝ պատճառաբանել ենք, թե ինչու, քանի որ կազմը անհամաչափ է, և մենք չենք մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը»,-ասաց նա:
Վերջին հարցը մասսայական միջոցառումների անցկացմանն է վերաբերվում: Ըստ պատգամավորի՝ վերը նշված հարցերի ընթացքից էլ կախված կլինի մասսայական միջոցառումներ անցկացումը:
Հարցին, թե եռյակի օրակարգում իշխանափոխության պահանջը մնում է՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իշխանափոխությունը միշտ է եռյակի օրակարգում:
Իսկ թե չեն քննարկել Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցելու հարցը, պատասխանեց, թե ոչ, քանի որ արդեն իսկ հայտարարել են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ մասնակցի, թե՝ոչ:
Իսկ թե թեժ գարուն կլինի, Ռուբեն Հակոբյանը նախընտրեց զերծ մնալ «թեժ» որակավորումից, սակայն նշեց, որ առկա իրավիճակը հուշում է, որ համարժեք քայլեր պետք է կատարվեն դուրս գալու համար: «Եթե արմատական փոփոխություններ չկատարվեն՝ տագնապ կա, խուճապ չէ, բայց տագնապ ժողովրդի մոտ կա, որ իշխանությունը քայլեր չի կարողանում իրականացնել»:
Առաջնորդների հանդիպման մասին ասաց, որ խորհրդաժողովից հետո կհայտարարեն: