Հայաստան 

Հանրային խորհուրդը առաջարկում է բարձրացնել ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունվարի 30-ին ընդունել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ տնտեսվարողների, որոնք գործունեություն են ծավալում հագուստի եւ ոսկու տոնավաճառներում:

Քննարկմանը ներկա է եղել նաեւ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս հայտնել է, որ դեռեւս նախորդ տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել են օրենքի հետ կապված մտահոգություններն ու հնարավոր զարգացումները, եւ ընդգծվել է տնտեսվարողներին ընտրության հնարավորություն տալու անհրաժեշտությունը:

Տնտեսվարողները ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում իրենք հնարավորություն կունենան շահեկան պայմաններում աշխատելու:

Հանրային խորհրդի նախագահի հանձնարարությամբ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը նույն օրը գումարել է նիստ՝ եւս մեկ անգամ քննարկելու փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները՝ ներառելով նաեւ տնտեսվարողների առաջարկները:

Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ պետք է.



– Տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի տոկոսադրույքները. այն տնտեսվարողները, որոնք կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, կարող են օգտվել 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց, իսկ որոնք չեն կարող, նրանց համար սահմանել 3,5 տոկոս:

– ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը 58.350 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 100 միլիոն եւ ավելի դրամի:

-Նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը:

– Հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ:

– Հսկողություն սահմանել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթի իրականացմանը, ըստ որի առեւտրային գոտու սահմանային վարձավճարները չեն կարող գերազանցել ձեռներեցների շրջանառության 1.5 տոկոսի սահմանը:

Նույն շարքից