Հայաստան 

Խորհրդարանը հարգեց Գյումրիի ոճրագործության անմեղ զոհերի և կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած զինվորների հիշատակը

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհերի, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

 

 ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկում է հայ հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում: «Դժվար է բառեր գտնել գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 12-ին: Հասկանալով բոլորի զգացողությունները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահ լինելով մեր ժողովրդի սթափ մտածողության ու սառը դատողության վրա՝ ցանկանում եմ իմ և խորհրդարանի անունից ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մենք մեր իրավասությունների շրջանակում մինչև վերջ հետևողական ենք լինելու հանցագործության բացահայտման հարցում: Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջությամբ կբացահայտվի, և մեղավորները խստագույնս կպատժվեն»,- նշեց Սահակյանը:

 

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին և հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերին, որոնք հետ մղելու ժամանակ զոհվել են հայ զինծառայողներ: «Այս օրերին առանձնակի է դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Ի պատիվ մեր բանակի՝ պետք է փաստենք, որ նա շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով: Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս՝ հերոսի մահով զոհվեցին զինվորական պարտքը կատարող և մեզ իրենց կյանքի գնով պաշտպանող հայ զինվորներ և սպաներ: Ուստի խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրիի ողբերգության անմեղ զոհերի և իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած մեր հերոսների հիշատակը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

 

 Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիի ոճրագործության անմեղ զոհերի և հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրած զինծառայողների հիշատակը, որից հետո անցան օրակարգային հարցերին:  

Նույն շարքից