Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի 7-րդ գումարման ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը չձևավորվեց, քանի որ առկա երկու առաջարկներն էլ խորհրդարանը քվեարկությամբ մերժեց:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ առաջարկներ էին ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դեմ էին ԱԺ նախագահի ներկայացրած որոշման նախագծին, քանի որ դրանով ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն իշխող դեր կունենար: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին, եթե այնտեղ ՀՀԿ-ն պետք է ունենա մեծամասնություն: Նրանք առաջարկում էին ընդունել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկը, որով հանձնաժողովում բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն հավասարապես:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց՝ առաջարկելով հարցի քվեարկությունը հետաձգել և իրականացնել փետրվարի 3-ին: Գալուստ Սահակյանը, սակայն, մերժեց առաջարկը՝ ընդգծելով, որ հետաձգելը կլինի կանոնակարգի խախտում:
Նախ քվեարկության դրվեց ԱԺ նախագահի ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովըհայտարարեց, որ որոշումը չի ընդունվել: Այնուհետև քվեարկության դրվեց Արծվիկ Մինասյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը ևս չընդունվեց: Առաջարկին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Քվեարկություններից հետո ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ փետրվարի 3-ի նիստում իրենց կհաջողվի այս հարցում համաձայնության գալ: «Հակառակ դեպքում միայն ես կհաշվեմ, դուք էլ կտխրեք»,- կատակեց ԱԺ նախագահը: