Հայաստան 

Իգոր Մուրադյանը հետ վերադարձրեց ԼՂՀ ԱԺ-ից ստացած «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը

«Ես վերադարձնում եմ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որն ինձ 2013-ին շնորհել է ԼՂՀ ԱԺ-ն. Սա ինձ այլևս պետք չէ»,-այսօր Նախախորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը:

 

Անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին, բանախոսը նշեց, որ այն ինչ կատարվեց, ներկայացում էր : Թե որն էր ավազակախմբի կողմից այդ գործողությունները նկարահանելու նպատակը, պարոն Մուրադյանն ասաց, թե դա արվել է հանձնարարությունը տվողների համար, որ վերջում ապացուցեն, որ նրանց հրամանը կատարվել է ըստ պատշաճի: Իսկ «ներկայացման» դիտորդներն, ըստ նրա, ռուսներն են: «Ռուս ժողովուրդը թեև լավ գիտի, թե ինչ է կատարվում այստեղ, բայց լռում է: Լռում է, որովհետև դա ձեռնտու է իրեն»,-նշեց նա:

analitik.am-ի հարցին՝ թե ԼՂՀ իշխանություններն առանց ՀՀ իշխանությունների իմացության կգնայի՞ն նման քայլի և ըստ պարոն Մուրադյանի, արդյոք այդ գործողությունները փոխհամաձայնեցվա՞ծ են եղել, վերջինս պատասխանեց. «Առանց Երևանի համաձայնության նման արարք թույլ չէին տա նրանք: Ամեն ինչ այնքան զոմբիացված է, որ այսպիսի ակցիայի, առանց ՀՀ ղեկավարության թույլտվության, նրանք չէին գնա: Թուրքերն այստեղ կապ չունեն, այստեղ ամեն ինչ հայերն են իրենց ձեռքով արել»:

Հաջորդ հարցին՝ թե ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ երթի մասնակիցները դիմել են հակաօրինական գործողությունների և սադրանքների, պարոն Մուրադյանն ասաց. «որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, և որպեսզի հանրությունն իմանա թե ինչ է իրականում տեղի ունեցել, ճիշտ կլինի, որ ծեծուջարդ անողները ցուցադրեն իրենց նկարահանած տեսանյութը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են հարձակվում երթի մասնակիցների վրա, իրականացնում նախապես մշակած հատուկ օպերացիա»:

«Ղարաբաղում պետություն չկա, այն ՀՀ և ԼՂՀ իշխանություններն ուզում են դարձնել ռուսական զոնա: Բոլորս լավ գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում: Ղարաբաղը այսօր կախյալ վիճակում է և անում է այն ինչ թելադրում են»,-շեշտեց բանախոսը՝ հավելելով, որ Արցախ գնացող մարդիկ հաստատ հեղափոխություն անելու չէին գնում և նման կերպ վարվեցին, որովհետև իրական վտանգ էին զգում «ռեժիմը» փոխել ցանկացող անձնախմբից:

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից