Հայաստան 

Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշմանը ձեռնպահ քվեարկելու պատճառը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Ռուսաստնաի պատվիրակությանը մինչև ապրիլ ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը ձեռնպահ է քվեարկել, քանի որ այդպես է թելադրել այդ պահին ստեղծված իրավիճակը:


Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ այդ քվեարկության հիմնական հարցադրումը կայանում էր նրանում, թե ովքեր են կողմ, որպեսզի օպատվիրակության լիազորությունները մինչև ապրիլ դադարեցվեն, և ես պետք է ձեզ ասեմ, որ ինչպես նախորդ տարվա քվեարկության ժամանակ, այնպես էլ այս տարի մոնիթորինգի հանձնաժողովում երկու անգամ քննարկվել է այս թեման՝ նախ զեկույցի նախնական տարբերակը, հետո արդեն ամբողջական տարբերակը, որը մտել էր լիագումար նիստերի օրակարգ: Եվ այդ երկու քննարկման ժամանակ էլ մոնիթորինգի հանձնաժողովում ներկայացված հայ պատվիրակները՝ ես և Արմեն Ռուստամյանը, քվեարկել ենք այնպես, ինչպես բխում էր Ռուսաստանի Դաշնության շահերից: Ինչ վերաբերում է լիագումար նիստերի դահլիճում քվեարկությանը, մենք կողմ չենք եղել Ռուսաստանի պատվիրակությանը ձանի իրավունքից զրկելու որոշմանը, կողմ չենք քվեարկել: Ես ցանկանում եմ ընդգծել նաև, որ մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությունը իրավիճակ չէր փոխելու, քանի որ բազմաթիվ էին այն պատվիրակությունները, որոնք կողմ էին քվեարկել այդ որոշմանը»,- նշեց Նաղդալյանը:


Նաղդալյանը նաև ընդգծեց, որ իրենք քվեարկել են հօգուտ ՌԴ պատվիրակության, ինչը բնական է, քանի որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է: «Մենք երբեք կողմ չենք եղել Ռուսաստանի համար ոչ ձեռնտու բանաձևերին, մանավանդ, երբ խոսքը գնում է խորհրդարանական պատվիրակության մասին, որն այն հարթակն է, որտեղ պետք է ավելի շատ հարցեր քննարկվեն, քան պատժամիջոցներ կիրառվեն»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նույն շարքից