Հայաստան 

ՓՄՁ ներկայացուցիչները՝ Ազգային ժողովի դիմաց

Կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի հերթական հետաձգումից հետո այսօր կրկին փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ նշելով, որ իրենց չի բավարարում օրենքի ժամանակավոր կասեցումը: Իրենք պահանջում են մեկանգամյա և վերջնական լուծում: «Սա ի՞նչ բան է: Իրենց կարճ խելքով մտածում են, որ կարող են մեզ հիմարեցնել: Մենք 5 ամիսը մեկ մեր բանուգործը թողած՝ փողոց դուրս չենք գալու: Մեզ մեկանգամյա և ամբողջական, վերջնական լուծում է պետք, և մենք կհասնենք դրան»,- ասաց առևտրականներից մեկը:


Նրաց կարճ ժամանակով մոտեցան նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը: Նրանք ակցիայի մասնակիցներին հիշեցրին, որ իրենց հաջողվել է արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել, և այսօր՝ 18:30-ին, իրենց հարցը կքննարկվի արտահերթ նիստում:


ՓՄՁ ներկայացուցիչները կրկին հիշեցրին իրենց պահանջը՝ հայտարարելով, որ իրենք վճռական են տրամադրված և գնալու են մինչև վերջ: Նրանք երեկոյան կրկին կհավաքվեն ԱԺ-ի մոտ՝ հետևելու արտահերթ նիստի ընթացքին:

Նույն շարքից