Հայաստան 

Անկարան անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու անցյալի հետ առերեսվելու և պատմական ճշմարտությունն ընդունելու իր անկարողությունը. ՀՀ ԱԳՆ

Անկարան, դիմելով պարզունակ խորմանակությունների, հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը: Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի` «թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում» հարցին:


«Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ Նախագահին։


Նման պարզունակ խորամանկություններով Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։


Թուրքիայի իշխանությունները նման անհեթեթ վիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է փոխեին ոչ թե Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի ավանդաբար նշվող օրը, այլ փոխեին ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող իրենց ժխտողական մտածելակերպը»։ 

Նույն շարքից