Հայաստան 

«Ինչ-որ մի մանր կամ միջին չինովնիկ» ասելով՝ Արփինե Հովհաննիսյան ո՞ւմ ի նկատի ունի

Այսօր Արփինե  Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, իր գործողություններով հարուցել է բազմաթիվ լրատվամիջոցների ու լրագրողների դժգոհությունները` այս կամ այն հարցի հետ կապված: Հարցին՝ որքանո՞վ են իրավաչափ Արսեն Բաբայանի գործողությունները, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է, որ հարցը կարող է դիտարկել երեք հարթությունում` իրավական, քաղաքական և բարոյական։ «Իրավական կարգի հետ կապված` թե՛ հետադարձ ուժի, թե՛ կարգում ներառված նոր ցուցանիշների առումով, ես մի քանի լրատվամիջոցների աշխատանքային կարգով մեկնաբանություն տվել եմ, բայց խուսափել եմ հրապարակային մեկնաբանություններից՝ հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ իմ, ո՛չ էլ, առավել ևս, ինչ-որ մի մանր կամ միջին չինովնիկի հայեցողական մեկնաբանությունները չեն կարող դրվել այս կամ այն իրավաստեղծ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող փաստերի կիրարկման հիմքում կամ Աժ ավանդույթների շարունակականության ապահովման հարցում»:


Պատգամավորի կարծիքով` այստեղ ասելիք ունի հատկապես դատարանը, որը, նրա խորին համոզմամբ, կտեսնի որոշակի խնդիրներ. «Վստահ եմ, որ այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, քաղաքական հաշվեհարդարի խնդիր էլ չկա, որովհետև այդ նույն հավատարմագրման կարգը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հավատարմագրման կարգում բոլոր դրույթները պահպանված են եղել համապատասխան մարդկանց կողմից, միևնույն է, տալիս է այլ ռեժիմներ Ազգային ժողովի շենք մուտք գործելու, և հենց այդ համատեքստում Ազզային ժողովի ղեկավարությունը, բնականաբար, իր ասելիքը կունենա»,- ասել է  Արփինե Հովհաննիսյանը: Հարցին` արդյոք ԱԺ նախագահը տեղյակ է այդ դժգոհություններից, պատգամավորը պատասխանել է․ «Ես բացառում եմ, որ Ազգային ժողովի նախագահը որևէ կամայականության կամ որևէ հայեցողական մեկնաբանության հետ կապված որևէ ձևով մասնակցություն ունեցած լինի։


ԱԺ նախագահը որևէ պարտավորվածություն չունի իրավական նրբություններին տիրապետելու, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն մեկնաբանությանը։ Այդ իսկ պատճառով՝ ես մատնանշեցի երեք հարթություն, և եթե իրավական հարթության վրա ենք կենտրոնանում, ապա ես՝ որպես իրավաբան, խնդիր տեսնում եմ, բայց կարծում եմ, որ այդ խնդրին վերջնական լուծում պիտի տա ոչ թե ինչ-որ չինովնիկ, այլ դատարանը, իսկ ահա քաղաքական առումով, բնականաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում»  (գրում է yerkir. am-ը)։

 

Հ. Գ. Արդյոք Արփինե Հովհաննիսյանը չգիտի, որ ՀՀ ԱԺ նախագահը հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը: «Ինչ-որ մի մանր կամ միջին չինովնիկ» ասելով՝ Արփինե Հովհաննիսյան ո՞ւմ ի նկատի ունի:

Նույն շարքից