Հայաստան 

Մեկնարկել է ԱԺ քառօրյայի երկրորդ օրը

Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Փետրվարի 2-ի նիստում խորհրդարանն ավարտեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը, որով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը, այդ թվում՝ ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

 

Խորհրդարանը քննարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչեւ փետրվարի 1-ը, հետաձգել մինչեւ 2015 թ. հուլիսի 1-ը: Պարոն Միրումյանն առաջարկեց խորհրդարանին այդ ժամանակահատվածում կառավարության հետ համատեղ աշխատել օրենսդրական փոփոխությունների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, քննարկել բոլոր առաջարկները:

 

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում տնտեսվարողներին աջակցելն է եւ հավելեց, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար: Հարցի քննարկումն անավարտ մնաց և կշարունակվի փետրվարի 3-ի նիստում: 

Նույն շարքից