Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բոլոր պատգամավորներին կոչ է անում ներկայացնել առաջարկներ շրջանառության հարկում փոփոխությունների վերաբերյալ, որը կլինի ի նպաստ փոքր և միջին ձեռնարկությունների: Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Վարդան Այվազյանը՝ պատախսանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, ընդգծեց, որ հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմ, ինչը հնարավորություն կտա հստակ ֆիքսել տնտեսավարողների շրջանառությունը: «Մեր առաջնային խնդիրը տնտեսավարողների շրջանառությունը հստակ ֆիքսելն է: Եթե մենք չկարողանանք հստակ ֆիքսել շրջանառությունը, մեզ համար շատ դժվար է լինելու: Մենք ասում ենք, որ ցանկանում ենք հարկային արտոնություն տալ մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսավարողներին, սակայն պետք է գտնենք այնպիսի մեխանիզմներ, որոնք մեզ թույլ կտան ֆիքսել այդ շրջանառությունը»,- նշեց նա:
Այվազյանը պատգամավորներին կոչ արեց միասին քննարկել և գտնել մեխանիզմներ, թե ինչպես կարող են ֆիքսել շրջանառությունը: «Երբ կարողանանք հասնել դրան, հետո կկարողանանք խոսել նաև արտոնությունների տակ ընկնող շրջանառության շեմը բարձրացնելու մասին: Ես համոզված եմ, որ երբ մենք ֆիքսենք շրջանառությունը, այդ դեպքում կկարողանանք իսկապես օգնել այն տնտեսավարողներին, ովքեր ունեն այդ օգնության կարիքը»,- նշեց նա: