ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, թե ինքն ավելի քան վստահ է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում արվելիք փոփոխություններին Կառավարության անդրադարձը և զիջումների գնալը միմիայն պայմանավորված էր ժողովրդի ճնշմամբ:
Արամ Մանուկյանի խոսքով՝ նախաձեռնած ռեֆորմների բովանդակությունը լավն է, մոտեցումն է՝ վատը: Նման միջավայրում այս բարեփոխումն իրականացնելու նախաձեռնությունը, ըստ նրա, հենց սկզբից էլ ձախողված էր:
«Վերջին երկու տարում ձեր արած ռեֆորմները դասվում են այս շարքին՝ տրանսպորտի գին, կուտակային կենսաթոշակային ռեֆորմ, նկարահանող սարքեր, կարմիր գծեր, ՀԴՄ, սահմանադրական բարեփոխումներ, դրանք իրենց բովանդակությամբ լավն են»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այս բարեփոխումների ժամանակ հաշվի են առնվում միայն իրենց անձնական շահերը։
Արամ Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդն այս բարեփոխումներին դեմ չէր լինի, եթե համոզված լիներ, որ դրանք երկրի զարգացմանն են ուղղված:
«Հիմա նույն հնարքն եք անում, այս ռեֆորմի ոլորտի քաղաքացին, բիզնեսով զբաղվող մարդը չի վստահում ձեզ: Մեթոդական սխալն այստեղ է: Խոսում տալ և չկատարել դա լուրջ , պատվախնդիր մարդուն հարիր չէ»,- ասաց նա և մի քանի օրինակ բերեց՝ թե խոսք էր տրվել առաջիկայում նոր ատոմակայան, երկաթուղի կառուցել, Գյումրին տեխնոքաղաք դարձնել, Հայաստանի համար ջրամբարներ կառուցել և այլն։ Սակայն դրանք չեն կատարվել։
«Հետո այսքանից հետո ասում եք՝ հայ ժողովրդին հանում եք դուրս։ Հա բա ճիշտ ենք անում, այսպիսի ստվերով չի կարելի»,- ասաց նա և անցավ մենաշնորհային բիզնեսին:
«Չգիտե՞ք ովքեր են, մի քանի պարզունակ առաջարկներ՝ ովքեր են Հայաստանում թունավորում ժողովրդին կեղծ դեղերով, ժամկետանց սնունդ մատակարարում: Հարկային և մաքսային ցանկացած աշխատողի հարցրեք ինչպիսի մախինացիաներ են կատարվում սահմանին, թե ում ապրանքը ինչ կանոնակարգով են հաշվում»,- ասաց նա և հավելեց, թե օրենքի կողմնակիցները եկել են այստեղ շոու են անում:
«Բոլորս գիտենք որտեղ է շան գլուխը, եկել ենք մկան պոչից ենք բռնում»,- ասաց նա և եզրակացրեց, թե ուզում եք խնդիրները լուծել, բայց սխալ ուղղությամբ եք գնում:
Արամ Մանուկյանին հակադարձեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նկատեց, թե փաստորեն Արամ Մանուկյանն ասում է, որ բարեփոխումները շատ լավն են, ժողովուրդը չի դժգոհել, պարզապես քանի որ իրենց դուր չեն գալիս անձերը, իրենք ժողովրդին փողոց են հանում։