ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հիշեցրեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից փետրվարի 5-ին հրավիրված ոչ իշխանական ուժերի ու կազմակերպությունների համաժողովի մասին:
«Քննարկելու են հասարակությանը հուզող բոլոր հարցերը: Համաժողովին մասնակից են լինելու կուսակցություններ ինչպես խորհրդարանից, այնպես էլ արտախորհրդարանական ուժեր: Մասնակցելու են հասարակական կառույցներ, նախաձեռնություններ, շարժումներ, գիտնականներ, ազատամարտիկներ, մտավորականներ, ովքեր կարող են իրենց կարծիքը հայտնել ու քննարկել մեր երկրի կարևոր հարցերը:
Պատգամավորն ընդգծեց, որ միասնական համախմբված քննարկումները՝ հատկապես հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ, կարող են օգտակար լինել բոլորիս համար:
«Կստեղծվի յուրատեսակ մի հարթակ, որտեղ քաղաքակիրթ ձևով կքննարկվեն հուզող բոլոր հարցերը, կտեսնեք, թե ինչպես նոր կարծիքներ կձևավորվեն, ու ելքեր կգտնվեն այն իրավիճակից, որտեղ հայտնվել ենք»,-ասաց Վահան Բաբայանը: