Հայաստան 

ԱԺ քառօրյա. օր երրորդ

Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստի երրորդ օրվա աշխատանքը: Խորհրդարանը շարունակելու է  քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 1-ը: Փետրվարի 3-ի նիստում խորհրդարանականները շարունակեցին օրենքի նախագծի քննարկումը, որն անավարտ էր մնացել նախորդ նիստում:


ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրենքի նախագծի հետաձգումը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում է: Նա նշեց, որ համաձայնության չգալու դեպքում խմբակցությունը կներկայացնի օրենքի նոր նախագիծ:



Քննարկվող հարցի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի կարծիքը դրական չէ. ըստ նրա, «Շրջանառության հարկի մասին» օրենքում ամրագրված հիմնական երեք սկզբունքները խառնաշփոթ են ստեղծել ոլորտում: Նա օրենքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ ներկայացրեց ՀՅԴ-ի առաջարկը:  



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունման ժամանակ օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը 11 պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը եւս նշեց, որ կան խնդիրներ ոլորտում եւ հիշեցրեց, որ ընդամենը մեկ օր առաջ հարցը քննարկվել է ԱԺ նախագահի եւ վարչապետի մոտ եւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն՝ ողջամիտ ժամկետներում գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ:



Փետրվարի 4-ին ժամը 16:30-ին ԱԺ-ում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը:  ԱԺ կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր քառօրյայի երրորդ օրը խորհրդարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Նույն շարքից