ԱԺ պատգամավորներին այսօր ամենից շատ հետաքրքում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությունը:Նման հարցադիմումով ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Իշխան Զաքարյանը այստեղ չի երևում: Ինչո՞ւ է վերաքննիչ պալատի նախագահը արձակուրդ գնում, եթե նա այստեղ բազմաթիվ գործեր ունի: Մեզ մնում է ենթադրել, որ Իշխան Զաքարյանին արգելված է այստեղ գտնվել, շփվել գործընկերների հետ: Մեզ հետաքրքրում է՝ ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով Աժ նախագահին՝ դեմ չգնալ ՀՀ սահմանադրությանը և չխախտել կանոնակարգը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նշեց, որ Իշխան Զաքարյանը, ինչպես ամեն մի չինովնիկ կամ պատգամավոր, իրավունք ունի արձակուրդ գնալու և անհարմար է դա քննարկման թեմա դարձնել:
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս բարձրացրեց նույն հարցը՝ ընդգծելով, որ այսպիսով խախտվում է սահմանդրությունը . «Նա որևէ բան ասե՞լ է ԱԺ-ին, թե ինչով է զբաղված, թե ինչու պատրաստ չէ կատարել օրենքով իր առջև դրված իր պարտավորությունները: Թող գա բացատրի, թե ինչ է նշանակում իր լռությունը, դա մեր գլխավոր հարցն է, ո՞ւր է Իշխան Զաքարյանը»:
Գագիկ Ջհանգիրյանն էլ հավելեց, որ բացակայող Զաքարյանը պարտավոր է ներկայացնել նախորդ տարվա հաշվետվությունը՝ քանի՞ քրեական հանցագործության կա, ո՞վ՝ ինչի համար է դատապարտվել և այլն: «Հիմա մենք Իշխան Զաքարյանին ոնց ուղղենք մեր հարցերը: Մեր պահանջը պրիմիտիվ պահանջ է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,-ասաց նա՝ ում հարցադրմանը Գալուստ Սահակյանը արձագանքեց. « Ենթադրենք այստեղ չի,բայց նա ունի իր փոխարինողը, էլ ինչ կարիք կա քննարկել՝ արձակուրդ է գնացել, վատ է արել որ գնացել է, թե՞ լավ»:
Հասմիկ Մովսիսյան