Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովում 6 անդամ կունենա իշխող կուսակցությունը, 6 անդամ՝ ոչ իշխանական ուժերը: Նման կազմի օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ է եղել 4-ը:
Ըստ այդմ, Հաշվիչ հանձնաժողովում 6 անդամ կլինի ՀՀԿ-ից, 2 անդամ կունենա ԲՀԿ-ն, մեկական անդամներ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը:
ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները նշել են, որ այս որոշումն առաջընթաց կարելի է համարել, որովհետեւ նախկինում հանձնաժողովի 7 անդամները ՀՀԿ-ից էին, որոնք կարող էին ցանկացած որոշում անցկացնել:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նկատել է, որ հանձնաժողովի գործառույթը սոսկ տեխնիկական է եւ դուրս չի գալիս ձայների հաշվարկի շրջանակներից: «Եթե մենք խոստանանք, որ վերադառնում ենք նախկին կազմին, դուք խոստանո՞ւմ եք, որ հանձնաժողովը չեք վերածի քաղաքական գործիքի»,-հարց ուղղեց Այվազյանը՝ նկատի ունենալով ձայների հաշվարկը խափանելու հնարավորությունը: