ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջապես կատարեց գյումրեցիներին տված «տղամարդավարի» խոստումը և դիմեց իր գործընկերոջը` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային` հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանության հետ կապված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:
Analiti.am-ը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում դատախազի այս քայլը և արդյոք ի՞նչ արդյունքներ կունենա այն:
«Ես կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազը, և՛ Աժ նիստերի ժամանակ, և՛ իր հայտարարություններում հստակ ասաց, որ երբ կունենա բավարար հիմքեր հարցադրումներ անելու դա կանի և նա արդեն այդ գործողությունը կատարել է՝ հետևողական լինելով իր կողմից կատարված հայտարարությանը: Ոչ միայն գյումրեցիները, այլև ողջ հայությունը, սպասում է վերջնական պատասխաններին և բոլորս ակնկալում ենք ստանալ այդ պատասխանը: Մենք անընդհատ հետևողական ենք լինելու: Հույսերը չեն կարող արդարանալ մինչ այն պահը, քանի դեռ այս հարցի վերջնական պատասխանները մինչև այս պահը չունենք»:
Հարցին՝ թե խոսակցություններ կան, որ ռուսական ռազմական դատարանում են քննելու Պերմյակովի գործը, պատգամավորն ասաց, որ դրանք լուրեր չեն, այլ օրենքի մեկնաբանություններ:
Հասմիկ Մովսիսյան