Հայաստան 

Գալուստտ Սահակյանն անօրինական ոչինչ չի տեսնում Իշխան Զաքարյանի բացակայության մեջ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց խորհրդարանում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկմանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բակայությունից դժգոհող պատգամավորների ելույթներին: ԱԺ նախագահն ընդգծեց, որ չէր ցանկանում արձագանքել, սակայն արձագանքում է, քանի որ հասարակությանն ապակողմնորոշվելու փորձեր են արվում: «Ես ցանկանում եմ ասել հետևյալը, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը գերակայություն չէ Վերահսկիչ պալատի մասին օրենքի նկատմամբ: Բացեք, վերլուծեք և կտեսնեք, որ ամեն ինչ օրինական է: Ցանկանում եմ անդրադառնալ ելույթներին, թե հակասահմանադրական է այն, որ հաշվետվությունը Վերահսկիչ պալատի նախագահը չի ներկայացնում: Դուք արդեն սկսեցիք ձեզ վրա Սահմանադրական դատարանի ֆունկցիա վերցնել: Անօրինական որևէ բան չկա: Այլ բան է, որ դուք փորձում եք անընդհատ դասեր տալ քաղաքական մեծամասնությանը, առավել ևս Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի պատիվը բարձր պահելու հարցում ամենաշահագրգռվածը հենց Ազգային ժողովի նախագահն է»,-  նշեց Սահակյանը:


Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից խոսել են նաև վարչության պետեր, փոխնախարարներ՝ ընդգծելով, որ այնպես էլ չի եղել, որ մշտապես ՎՊ հաշվետվությունը ներկայացրել է  միայն ՎՊ նախագահը: «Հիմա ինչ-որ մի բողոքի ալիք եք բարձրացրել, որը ոչինչ չի տալիս: Վերահսկիչ պալատից պահանջում եք արդյունքներ ներկայացնել: Գոնե մեկ անգամ թերթեք և կարդացեք Վերահսկիչ պալատի մասին օրենքը: Վերահսկիչ պալատը ստուգող մարմին չէ: Այն ներկայացրել է փաստերը, դուք էլ կարող եք դատախազություն դիմել, հետո էլ պահանջել արդյունքները: Հիմա Վերահսկիչ պալատի օձիքից բռնել եք ասում եք` արդյունքներ տուր: Բայց այդ մարմինը նման ֆունկցիա չունի»,- նշեց Սահակյանը:




Նույն շարքից