Հայաստան 

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրում ֆինանսական շուկայի կայունության ապահովման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրում ֆինանսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության ներդաշնակեցման համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին: «Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են պետական մի շարք կառույցներ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունը: Այդ աշխատանքային խմբի առջև դրված է երկու նպատակ՝ երկրում ֆինանսական շուկայի կայունության ապահովում, ինչպես նաև տնտեսության վրա դրա ազդեցության ներդաշնակեցում: Այդ խումբը շաբաթական երեք անգամ հանդիպում է կազմակերպում»,- նշեց Ճշմարիտյանը:



Նա ընդգծեց, որ ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է ներդաշնակցնել երկրում ֆինանսական շուկայի կայունության ապահովման ուղղությամբ կառավարության և Կենտրոնական բանկի աշխատանքները, որպեսզի դրանք լինեն համահունչ: «Մեզ համար կարևոր է նաև, որպեսզի տնտեսության վրա ֆինանսական շուկայում առկա վիճակի հնարավոր բացասական ազդեցությունը լինի նվազագույն: Այս հարցն էլ աշխատանքային խմբի մշտական քննարկման առարկա է»,- հայտնեց նախարարը:



Նա նկատեց որ վերը նշված խնդիրները լուծելու համար առաջնահերթ միջոցառումներից է երկրի արտահանման ներուժի հզորացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը: Ճշմարիտյանը տձեղեկացրեց, որ երկրի արտահանման ներուժը հզորացնելու վերաբերյալ կառավարությունն արդեն իսկ օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին, իսկ նոր աշխատատեղերի ստեղծման համար հարկավոր է բարելավել ներդրումային միջավայրը, ինչի ուղղությամբ ևս կառավարությունը քրտնաջան աշխատում է:

Ճշմարիտյանը նշեց, որ ներդրումներ ներգրավելու առումով կառավարությունն ունի մի շարք խոշոր ծրագրեր, որոց վերաբերյալ քննարկումներ է անցկացնում միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր երկրների գործարարների հետ:



Պատգամավորի դիտարկմանը, թե միջազգային ֆինանսական կամզակերպությունները նվազեցրել են Հայաստանի տնտեսական վարկանիշը, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, հասարակությունը պետք է համատեղ ջանքեր գործադրեն ցույց տալու համար, որ Հայաստանն ունակ է հաղթահարել տնտեսական դժվարությունները, ինչի համար ռեսուրսներ կան:

Նույն շարքից