Հայաստան 

Շրջանառության հարկի մասին օրենքում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջիկայում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի մոտ կայացած քննարկման արդյունքում որոշում է կայացվել մինչև հուլիսի 1-ը հետաձգել օրենքում առկա վիճահարույց դրույթը, այն է՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը: «Այդ ընթացքում մենք կքննարկենք հարցը բոլոր շահագրգիրռ կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական ուժերի հետ: Կքննարկենք և կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:



Ազգային ժողովը փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանի արտահերթ քննարկմանն էր ներկայացրել ՀՀ կառավարությունը: Նախագծով առաջարկվում է մինչև 2015թ. հուլիսի 1-ը հետաձգել շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն նոր նախագիծ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: 

Նույն շարքից