Այսօր, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով «Շահութահարկի մասին» օրենքում իրենց առաջարկների և փոփոխությունների մասին, կարծիք հայտնեց, որ այդ առաջարկները իրենք ամբողջությամբ ձևակերպել են և պետք է ներկայացնեն ՀՀ վարչապետին, նախագահին և քննարկման դնեն Ազգային ժողովում. «Եթե մեր առաջարկներն անցնեն, ձեռներեցներն իրենք շահագրգռված կլինեն անընդհատ փաստաթղթով աշխատելու, և այդ դեպքում նրանք ազատ հնարավորություն կունենան ավելի զեղչված վճարումների, իսկ նրանք, ովքեր փաստաթղթավորմամբ չեն աշխատի, բնականաբար, պիտի վճարեն ավելի բարձր տոկոսադրույքով: «Մեր ասածն այդ «և՛ և՛»-ի կիրառումն է, որի համաձայն, ձեռներեցը կամաց-կամաց, քայլ առ քայլ կցանկանա այն տրամաբանությամբ աշխատել, որն ավելի ընդունելի և օգտակար է»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՅԴ-ի առաջարկներն ավելի մոտ են իշխանության կողմից առաջ քաշած առաջարկներին, պրն Ռուստամյանն ասաց, որ իրենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ են տարել, և դա բոլորին է հայտնի.«Որևէ մի տեսակետ, եթե համընկնում է այս կամ այն դաշտի տեսակետի հետ , մենք քննարկում ենք և ունենում ենք նույն մոտեցումները: Սա է ողջ իրողությունը և այստեղ որևէ արտառոց բան փնտրել պետք չէ»,-նշեց նա:
Հաջորդ հարցին, թե իշխանությունը չգիտի՝ ի վերջո հասարակության կողքին եք, թե ոչ, ընդդիմության, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց.«Մենք միշտ իրենց կողքին ենք, արդեն 125 տարի: Մնացածները թող մեր կեսի կիսով իրենց կողքին լինեն, նոր մեզ դասեր տան: «Ասում եք՝ դուք միշտ իշխանական ուժերի առաջարկներն եք պաշտպանում: Այո, եթե ճիշտ բան են ասում, իհարկե, պաշտպանում ենք »,-նկատեց նա՝ օրինակ բերելով նախօրեին խորհրդարանում քննարկված ՎՊ-ի հաշվետվության առիթով ոչ իշխանական ուժերի տարածած հայտարարությունը, որին ՀՅԴ-ն էլ էր միացել:
Նա ընդունեց, որ, այո, եղել է նաև խախտում («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտման մասին է- Հ.Մ.) և հաշվետվությունը պիտի ներկայացնի ՎՊ նախագահը, որն էլ բացակայում է: «Դա կանոնակարգի իմպերատիվ պահանջն է: Բնականաբար, մենք այնտեղ ենք, որտեղ ճշմարտությունն է»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը պատգամավորները քննադատեցին և պահանջներ ներկայացրեցին: Նրանք պահանջում էին առաջիկա ԱԺ նիստերի ընթացքում օրենքով սահմանված կարգով քննարկել Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը: Վերջիններս հանդես եկան նաև հայտարարությամբ, Պահանջատեր խմբակցություններն են՝ «Բարգավաճ Հայաստան», «ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» խմբակցությունները
Հասմիկ Մովսիսյան