Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ գրավոր առաջարկներ է ներկայացրել կառավարությանը:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀՅԴխմբակցության ղեկավարԱրմեն Ռուստամյանը: «Մենք օրենքում փոփոխությունների վերաբերյալ մեր առաջարկները ներկայացրել ենք կառավարությանը և սպասում ենք պատասխանի»,- նշեց Ռուստամյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ Ազգային ժողովում այս հարցի վերաբերյալ հնարավոր եղավ համաձայնության գալ: «Երբ մենք խորհրդարանում գնում ենք համաձայնության գալու ճանապարհով, մեր որոշուներն առավել արդյունավետ են ստացվում: Եվ հույս ունեմ, որ համաձայնության գալու եղանակով էլ կշարունակենք մեր աշխատանքները»,- ընդգծեց Ռուստամյանը:
Ռուստամյանը նշեց, որ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը նույնպես ձևավորվեց խորհրդարանական բոլոր խմբակցությունների համաձայնության արդյունքում: «Գիտեք, որ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրներ կային, քանի որ այն տարբերակը, որով խորհրդարանի ղեկավարությունը ցանկանում էր ձևավորել հանձնաժողովը, մեզ համար ընդունելի չէր. հանձնաժողովի կազմում խորհրդարանական խմբակցությունները անհավասար էին ներկայացված: Սակայն հետո ընդհանուր քննարկումների և համաձայնության արդյունքում հնարավոր եղավ հասնել մեզ համար առավել ընդունելի տարբերակի»,- նշեց պատգամավորը: