Հայաստան 

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումները մերձենում են. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումներն աստիճանաբար մերձենում են, և դուք տեսնում եք, որ մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են, և այդ տարբերությունը գնալով ավելի ու ավելի մեղմ է դառնում.  ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը նշեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրավիրած ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովին հետևել է, ծանոթացել Ծառուկյանի ելույթին։ «Ասել ենք, հիմա էլ ենք ասում, որ ողջունելի է  ցանկացած ջանք, որն ուղղված է Հայաստանում շուտափույթ իշխանափոխության իրականացմանը: Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ մշտապես կոնտակտների մեջ ենք»,- ասաց նա:
 

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կոնկրետ Ծառուկյանի ելույթն իսկապես առաջընթաց է։ «Ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ, ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- հայտարարեց նա և արձանագրեց, թե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դաշինքը բավական արդյունավետ դաշինք է:

«Բնականաբար, նաև նկատի ունեմ եռյակի երրորդ անդամին՝ «Ժառանգությանը»: Հիմա խոսում եմ երկկողմ հարաբերությունների մասին: Կան բնականաբար տարբեր մոտեցումներ մարտավարության հարցում, ՀԱԿ-ը կողմնակից է, ավելի արմատական լուծումների, վստահ ենք, որ ճիշտ քայլը կլիներ ժողովրդի կողմից ընդվզումը, որը կղեկավարվեր համաժողովրդական շարժման կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Պետք  է պարտադրենք այս իշխանություններին, որ անմիջապես հեռանան: Կարծում եմ Ծառուկյանի ելույթը և ԲՀԿ-ի դիրքորոշումը ևս մեկ քայլ էր այդ տարբերությունը հարթելու ուղղությամբ»,- ասաց նա:

Նույն շարքից