Հայաստան 

Ռուստամյանը Ծառուկյանի ելույթում նոր ոչինչ չի տեսնում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձրաձայնած հարցերի մասին ՀՅԴ-ն խոսում է արդեն երկար տարիներ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին: «Գիտեք, այն ինչի մասին երեկ խոսվում էր, մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք: Արդեն երկար տարիներ մենք խոսում ենք նույն բաների մասին, ինչ իր ելույթում հնչեցրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա կարևոր է ոչ թե կրկին այդ խնդիրների մասին բարձրաձայնելը, այլ դրանց լուծման ուղիներ գտնելը, ինչն առանց համակարգային փոփոխությունների անհնար է»,- նշեց Ռուստամյանը:


Նա այս համատեքստում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելու անհրաժեշտությանը: «Եթե մենք իսկապես ցանկանում ենք լուծում տալ առկա խնդիրներին, որոնց մասին մենք անընդհատ բարձրաձայնում ենք, ապա պետք է գնանք սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: Շատ հաճախ են խոսում այն մասին, որ պատերազմող երկիրը չի կարող անցնել կառավարման խորհրդարանական համակարգին: Իսկ ո՞վ է ասել, որ կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում մենք կորցնելու ենք մեր պաշտպանունակությունը: Եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա Իսրայելն արդեն վաղուց պետք է գոյություն չունենար: Իսրայելը կառավարման խորհրդարանական համակարգ ունի և շատ լավ կարողանում է ապահովել իր անվտանգությունը, ուստի ես անտեղի եմ համարում նման խոսակցությունները, թե դա կվտանգի մեր անվտանգությունը»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նույն շարքից