Եթե 2009 թվականից սկսված՝ բանակում կարգապահական զանցանքների ու տույժերի նվազում է տեղի ունեցել, ապա դրան զուգահեռ զինվորական քրեական հանցագործություններով դատարաններ ուղարկված դիմումների մոտ 1,5 տոկոս աճ է արձանագրվել:
Այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկմանը հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հիշեցմանը, որ նախորդ տարի բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով այն հանցագործություններում, որոնք ավարտվել են մահվան ելքով, շուրջ 60 տոկոսի նվազում է արձանագրվել:
«Նվազում է տեղի ունեցել 2009 թ. սկսված, օրինակ, եթե այն ժամանակ եղել է 16392, ապա 2013-ին 6113 որպես կարգապահական տույժ»,- ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Նա հավելեց նաև, որ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զինվորական հանցագործությունների թվի քանակական առումով աճն այնքան չէ, որ գա լրացնի կարգապահական զանցանքների նվազմանը, բայց միևնույն է՝ գրեթե 1.5 անգամ 2009 թվականի համեմատությամբ 2013-ին նման հանցագործությունների թիվն ավելացել է:
Քննարկմանը ներկա ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով, որ երբ խստացվել են կարգապահական զանցանքների համար պատժի մեթոդները, ստացվել են համապատասխան ցուցանիշներ:
Նա նաև հավելեց, որ երբ այս միջադեպերի արդյունքում վերադաս հրամանատարները պատժվում են, աստիճանի իջեցումներ են տեղի ունենում՝ ուղարկվելով սահմանային զորամասեր, մամուլում ու հասարակական կազմակերպությունների կողմից շահարկվում է, որ նրանց անուն-ազգանունները ամբողջությամբ չեն նշվում:
«Ժողովուրդ, եթե անուն չենք նշում, ում է իջեցվել, դա ունի որոշակի նպատակ, հակառակորդը կարող է օգտվել այդ ինֆորմացիայից, եթե նրանց ուղարկում ենք սահմանային զորամաս, դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն պատժվում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: