Բերձորի դեպքերի մանրամասներին տեղեկանալու համար ԼՂՀ մեկնած հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ :Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով ևս ԼՂՀ մեկնած պատվիրակության կազմում է:
«Խորհրդարանական պատվիրակությամբ, որի կազմում են Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, գտնվում ենք Լեռնային Ղարաբաղում:
Պատվիրանությունը նպատակ ունի հստակ պատկերացում կազմել վերջին դեպքերի մասին, որոնք գտնվում են մեր երկու պետությունների հասարակական ուշադրության կենտրոնում:
Մեր նպատակն է Բերձորի դեպքերի վերաբերյալ փաստեր հավաքել և հստակ տեղեկանալ միջադեպի բոլոր մանրամասներին:
Արդեն հանդիպումներ ենք ունեցել նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այսօրվա օրակարգում նախատեսված է հանդիպում ՊՆ ղեկավարի հետ , ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հանդիպումներ: Հանդիպումներն անցնում են արդյունավետ, և վերադառնալուն պես՝ սահմանված կարգով հանրությանը կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքերն ու հավաքագրված տեղեկատվությունը»,- գրել է պատգամավորը: